17/05/2019 16:00
Առաջին դասարանցիների ծնողների դիմում-բողոքները կքննարկվեն և պատասխաններ կտրվեն. ԿԳ պաշտոնյա
Կրթության և գիտության նախարարության կողմից երեկ գործարկված առցանց համակարգում այս պահի դրությամբ գրանցվել է 10 հազարից ավելի առաջին դասարանցի։ Սպասվում է, որ առաջիկայում կգրանցվի ևս 3 հազար երեխա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ համակարգն ամռան ողջ ընթացքում բաց է լինելու։
Անդրադառնալով ծնողների՝ համակարգից ունեցած տարատեսակ դժգոհություններին և բողոքներին, մեր զրուցակիցը փաստեց, որ երեկվանից ընդունել են իրենց դժգոհությունը հայտնած մի շարք քաղաքացիների, զրուցել վերջիններիս հետ և հավաստիացրել, որ նրանց դիմումներին ընթացք կտրվի։ Մեր զրուցակիցը միաժամանակ դժվարացավ նշել՝ այս պահի դրությամբ ԿԳ նախարարությունը քանի դիմում-բողոք է ստացել։
«Իրականում պետք չէ ներկայացնել, որ բողոքող ծնողները խմբերով գալիս են՝ դժգոհությունը համատարած չէ։ Այո՛, կան ծնողներ, որոնք դիմումներ են գրել, դրանք բոլորը կքննարկվեն և սեղմ ժամկետներում պատասխաններ կտրվեն», - ասաց Աշոտ Արշակյանը՝ շեշետելով, որ բազմաթիվ դժգոհող ծնողների կողիքն մեծ թիվ են կազմում նաև նրանք, որոնք զանգում և շնորհակալություն են հայտնում, քանի որ իրենց երեխաներին կարողացել են գրանցել նախընտրելի դպրոցում։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախարարությունը որոշ երեխաների համար բացառություններ անի՝ թույլ տալով, օրինակ, հաճախել վերջինիս ծնողների համար նախընտրելի դպրոց, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշեց՝ օրենսդրությամբ սահմանված չէ որևէ դեպք, որով այս կամ այն խմբի առավելություն կտրվի։
Աշոտ Արշակյանը միաժամանակ նշեց, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ է առաջին դասարանցիների ծնողների բողոքներին, նրան այդ մասին զեկուցվել է։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով։
Համակարգը գործարկվել է երեկ և ԿԳՆ հավաստիացմամբ՝ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումն է, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը։