18/05/2019 09:53
«Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը ռեստորաններից մեկում հայտարարել է, որ «հաշիվ չունի փակելու»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու է ծեծել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետևել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին:
Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում:
Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը: Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է և «հաշիվ չունի փակելու»:
Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: