20/05/2019 18:57
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հետեւողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները:
Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը:
Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, ով Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ:
Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարեւորում է այդ հարթակը եւ տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երեւանում:
Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով:
Հանդիպման ավարտին Մաժիլիսի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին 2019թ. հունիսի 9-ին միջխորհրդարանական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ ընդգրկելու համար։