20/05/2019 20:22
Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը
Էկվադորի իշխանություններն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին են հանձնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անձնական իրերն ու փաստաթղթերը, որոնք մնացել Էին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն այն բանից հետո, երբ ապրիլին Ասանժը ձերբակալվեց։
«Էկվադորն Ասանժի բոլոր իրավաբանական փաստաթղթերը և նրա ձեռագրերը հանձնել է ԱՄՆ-ի դատախազությանը», - ասված է WikiLeaks-ի տարածած հաղորդագրության մեջ:
WikiLeaks-ում ընդգծում են, որ ո՛չ Ասանժին, ո՛չ նրա փաստաբաններին, ո՛չ էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել հետևել «նրա ունեցվածքի առգրավման ապօրինի գործընթացին»:
Կազմակերպությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել երկու ձեռագրեր, որոնց վրա աշխատում էր Ասանժը, նրա բոլոր իրավաբանական փաստաթղթերը, բժշկական փաստաթղթերը և նրան պատկանող համակարգչային սարքավորումները։