20/05/2019 20:02
Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ ռիսկեր կան. ԲՀԿ պատգամավոր
Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ ռիսկեր կան. հաճախ ականատես ենք լինում այնպիսի քարոզչության, որը կարող է սեռական դաստիարակության առումով մեր մատաղ սերնդի մոտ խնդիրներ առաջացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով իրենց ուժի կողմից արված առաջարկին՝ քրեականացնել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը:
«Հակաքարոզչությամբ և մեր ավանդական դաստիարակությամբ պետք է կարողանանք մեղմել վտանգը: Օրենքի նախագիծն այս իմաստով ենք հղացել: Այն նախատեսել ենք մինչև 16 տարեկան երեխաների շրջանում քարոզի արգելքի համար: Հնարավոր ռիսկերը տեսնելով՝ փորձում ենք արգելափակել մեզ համար սպասելի օրինագծերը: Գործընթացները մեզ հուշում է, որ հնարավոր է՝ այնպիսի օրինագծեր բերվեն, որոնք կարող են վտանգել մատաղ սերնդի դաստիարակությունը և այն շեղել ավանդական ընթացքից: Իսկ մենք դեմոգրաֆիական խնդիր ունենք և պարտավոր ենք ուշադիր ու հոգատար լինել մեր երեխաների ապագայի նկատմամբ», - ասաց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը գերադասում է կանխել հնարավոր վտանգը, քան հետո դրա հետևից գնալ:
«Երբ որևէ օրինագիծ բերվի, այդ ժամանակ մեր դիմադրությունը կարող է թույլ ստացվել, որովհետև մենք խորհրդարանում 26 պատգամավոր ունենք: Դրա համար էլ կանխարգելիչ նշանակության օրինագիծ ենք ներկայացնում, որպեսզի հասարակության մեջ որոշակի դիմադրություն պատրաստենք՝ ապագա ռիսկերին հանդիման», - նշեց մեր զրուցակիցը:
Զրույցի վերջում Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած օրինագիծը խորհրդարանում կարող է լուրջ դիմադրության հանդիպել, դրա համար էլ իրենք փորձելու են դիմել հանրային կառույցներին և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներին՝ հարցի շուրջ համատեղ հանդես գալու առաջարկով: