20/05/2019 17:57
Վերջին տարիներին Հայաստանում արագ զարգանում է էքստրեմնալ տուրիզմը. Մասնագետ
Զբոսաշրջության ոլորտում Վրաստանն առաջանցիկ դիրքերում է նախևառաջ ծով ունենալու պատճառով: Բացի այդ՝ ծառայություններն այդ երկրում զգալիորեն ավելի մատչելի են, քան մեր երկրում, ինչն էլ առավել մեծ թվով զբոսաշրջիկների է ձգում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «One way tour» տուրիստական գործակալության մենեջեր Էլինա Համբարձումյանը՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և հարևան Վրաստանի զբոսաշրջային հոսքերի միջև:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ 8,7 միլիոն մարդ, ինչը 14,9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Մինչդեռ Հայաստանը, վիճակագրական տվյալների համաձայն, զգալիորեն հետ է մնում Վրաստանից՝ հանդես գալով առավել համեստ դիրքերից: Ըստ այդմ՝ 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ, 2017թ.-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.5%-ով:
Մեր զրուցակցի խոսքով՝ շատերն արձակուրդները, հատկապես` ամառային արձակուրդները, ծովում են պատկերացնում:
«Երևի հենց դրա համար էլ մեկնում են Վրաստան և ոչ թե Հայաստան՝ իրենց հանգիստը կազմակերպելու պատմամշակութային վայրեր այցելելով: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններին, ապա մեր երկրում դրանք շատ ավելի բարձր մակարդակի վրա են: Ոլորտի աշխատակիցներն արտասահմանցի հյուրերին շատ բարեհամբույր և ջերմ են ընդունում: Եթե նկատել եք, Վրաստանում հակառակն է՝ ծառայություններն ավելի «չոր» են մատուցվում, աշխատակիցներն այն ջերմությունը չեն տալիս, ինչն, օրինակ, Հայաստանում կարող ենք տեսնել», - ասաց «One way tour» տուրիստական գործակալության մենեջերը:
Անդրադառնալով տուրիստական ոլորտում մատուցվող ծառայությունների գներին՝ Էլինա Համբարձումյանը շեշտեց, որ Վրաստանի հաջողությունները մեծապես պայմանավորված են զբոսաշրջիկին առաջարկվող մատչելի ծառայություններով: Նրա խոսքով՝ փաստ է, որ բարձր գները կարող են տուրիստներին վանել, իսկ Վրաստանը կարողանում է այս առումով ճկուն քաղաքականություն վարել:
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ մի օր անպայման կդառնանք մեր երազած տուրիստական երկիրը և կտեսնենք այնպիսի Հայաստան, որտեղ զբոսաշրջությունը շատ զարգացած կլինի, մանավանդ, որ վերջին տարիներին մեր երկրում արագ զարգանում է նաև էքստրեմնալ տուրիզմը», - ամփոփեց տուրիստական գործակալության մենեջերը: