21/05/2019 14:09
Քաշքշուկ չի եղել. Արթուր Իսպիրյանը՝ «Կասկադում» միջադեպի մասին (Տեսանյութ)
Քաշքշուկ չի եղել, խոսակցություն է եղել՝ շատ կարճ ու շատ տգեղ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը՝ անդրադառնալով երեկ «Կասկադում» իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանության տարածած հաղորդագրությանը:
«Քաշքշուկ չի եղել, խոսակցություն է եղել՝ շատ կարճ ու շատ տգեղ: Երբ ես իմ երեխաների հետ նստած եմ՝ նրանք իրավունք չունեին այդպիսի արտահայտություն անեին ու իմ երեխաներին սթրեսի մեջ գցեին էդ իրանց 20 հոգանոց... որակում չեմ ուզում տալ՝ ինչով», - ասաց Ա.Իսպիրյանը:
Դիտարկմանն՝ արդյոք վիրավորական արտահայտություններ են հնչել,Իսպիրյանն ասաց. «Ես նստած հաց եմ ուտում, նրանք մոտեցան, ասացին՝ «էսօր բախտդ բերեց՝ երեխեքի հետ էիր», որը շատ մեծ ենթատեքստ ունի: «Էսօր»... այսինքն նշանակում է՝ վաղը ավելի վատ է լինելու»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ավագանու անդամին «Կասկադում» մոտեցել էին մի քանի անձինք ու սպառնացել, որոնցից մեկին Իսպիրյանը ճանաչել էր և տեղեկացրել, որ նա Նարեկ Մալյանի հետ հաղորդում վարողներից մեկն է:
Դրանից հետո Իսպիրյանը հրավիրվել էր ոստիկանություն:
Իսպիրյանի նշած անձը՝ «Ադեկվադ» ՀԿ-ի և SutNikol ակցիայի հեղինակ Արթուր Դանիելյանը, սոցցանցի իր էջում զավեշտալի է որակել այն, որ կողքով անցնելը կարող է բնորոշվել որպես «քաշքշուկ»: Վերջինս հերքել է միջադեպի մասին տեղեկությունը՝ պահանջելով հրապարակել տեսագրությունը:
«Տեսախցիկները նկարել են՝ ոնցա եղել դեպքը, ինչ է եղել: Իրանց մոտ կա, ես ո՛չ ավելորդ բան եմ ավելացրել, ո՛չ էլ հորինել եմ», - մեզ հետ զրույցում հավելեց Իսպիրյանը: