21/05/2019 12:22
Հենրիխ Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ չտրամադրելու հարցը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև. ԱԳՆ խոսնակ
Եթե Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեն, որոնք կբավարարեն և Հենրիխ Մխիթարյանին, և իր թիմին, ապա ՀՀ արտգործնախարարությունը որևէ առարկություն չի ունենա Բաքվում կայանալիք խաղին հայազգի ֆուտբոլիստի մասնակցությանը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որի մասին հայտարարել էր օրեր առաջ, այն է՝ սպորտը վեր է քաղաքականությունից։ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը և ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորում։
Դա կասկածի տակ է դնում այդ երկրում միջազգային միջոցառումների անցկացումը։ Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Սակայն ականատես եղանք ռասիզմի նոր դրսևուումների։ Բանականաբար, այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,- եզրափակեց ԱԳՆ խոսնակը։