21/05/2019 12:46
Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է. Աննա Նաղդալյան
Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահգության մթնոլորտի ձևավորմանը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման հանգամանքին։
«Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Այս ամենում մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Մենք նախևառաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից», - ասաց Աննա Նաղդալյանը։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգով են տարածաշրջան այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և արդյոք այցելելու են Ստեփանակերտ, Աննա Նաղդալյանը հիշեցրեց՝ այցը տարածշրջանային է, և համանախագահները համապատասխանաբար լինելու են Երևանում Ստեփանակերտում և Բաքվում։
«Իսկ օրակարգի մասով որևէ մանրամաս չեմ կարող տրամադրել։ Հիմա չեմ կարող», - ասաց ԱԳՆ խոսնակը։