22/05/2019 13:35
Հայկ Ալումյանը կարա մի ճիշտ բան անի՝ գնա անունը փոխի. Պատգամավոր Հայկ Սարգսյան
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը որպես պատգամավոր փակել է դատարանի մուտքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով իր ընտրողներին։
«Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ», - հավելեց պատգամավորը։
Լրագրողները նկատեցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանը, պատգամավորի հայտարարությունը՝ դատարանները փակելու մասին, համարել է միջամտություն արդարադատության իրականացմանը։
Ի պատասխան Հայկ Սարգսյանը նախ հիշեց Ալումյանի անցյալը, ասաց, որ նա բոլորովին վերջերս իրականացրել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությունը, իսկ այժմ էլ պաշտպանում է Շիրխանյանի հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին, հետո շարունակեց.
«Նույն Հայկ Ալումյանը ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանություններին, էնպես, որ դաժե ես չեմ ըտենց քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Ալումյանին ընդհանրապես մեկնաբանելու չունեմ։ Հայկ Ալումյանը հրազենով իմ վրա հարձակված մարդու (նկատի ունի Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին-հեղ.) շահերն ա պաշտպանում դատարանում։ Ինչպ՞ես է հնարավոր մի փաստաբանը պաշտպանի մարդկանց, ովքեր մեկը մյուսի դեմ ցուցմունք է տալիս։ Շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի»։
Հարցին, թե ինչո՞ւ փոխի անունը, Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»։