22/05/2019 15:56
Մատենադարանը, որտեղ գրքեր են ընդամենը պահվում, կարելի է տեղափոխել Խարբերդի դաչաներ. Սերգեյ Բագրատյանը հակադարձեց ԿԳ փոխնարարին
ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում:
ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորը պնդեց՝ կան տեղեկություններ, որ նախկին կառավարությունը նպատակ է ունեցել ԳԱԱ-ին հատկացված շենքը վաճառել և դրա տեղում հյուրանոցային կամ ռեստորանային համալիր կառուցել.
«Երաշխավորված չէ, որ հաջորդ կառավարությունը նման մոտեցում չի ունենա նման պատմական շենքերի նկատմամբ: Նախագիծ եմ ուղարկել, որով առաջարկել եմ ԳԱԱ-ին ամրացված շենքն ու շինություններն օտարել միայն բացառիկ դեպքերում, օրինակ, երբ գերակա է շահի խնդիր, ֆորսմաժորային դեպքեր և այլն», - ասաց Բագրատյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նկատեց՝«բացառիկ դեպք» ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ կառավարությունը կարող է ցանկացած իրեն պետք եկած դեպք ներկայացնել որպես բացառիկ:
ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նկատեց՝ կառավարությունը առաջարկում է ԳԱԱ մասին օրենքը թողնել անփոփոխ և մերժել առաջարկությունները մի քանի պատճառով, որոնցից մեկի համաձայն՝ հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել ակադեմիային տրամադրված գույքը, բացի այդ՝ փոխնախագահը նկատեց, որ բուհերում էլ են զբաղվում գիտությամբ և կարելի է գիտությամբ զբաղվել ապակեպատ շենքերում ևս, ինչին Բագրատյանն արձագանքեց.
«Միանշանակ կարելի է, էդ դեպում, օրինակ, կարելի է առաջարկել, որ Մատենադարանը, որտեղ գրքեր են ընդամենը պահվում, տեղափոխել Խարբերդի դաչաներ, տեղ էլ կարելի է պահել այդ գրքերը, բայց գոյություն ունի ավանդույթ, ճարտարապետություն, քաղաքի դիմագիժ, արժեհամակարգ, որից հերթական անգամ դուք փոձում եք շեղվել ապակեպատ առաջարկություններով: Կարծում եմ՝ բացառապես հիմնավոր չէ ձեր որևէ առարկություն: Եթե նպատակ ունեք ԳԱԱ շենքը վաճառելու, պետք է ազնիվ հայտարարել այդ մասին», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինքը նման քննարկումը կդիտարկի որպես հայտարարություն այն մասին, թե ԳԱԱ հատկացված շենքը պատրաստվում են վաճառել:
«Ինչի՞ եք դուք ուզում անպայման ԳԱԱ շենքը վաճառել: Խնդրում եմ՝ պատասխանել այդ հարցին», - դիմելով փոխնարարին՝ ասաց Բագրատյանը:
Փոխնախարարն էլ հակադարձեց.
«Չկա կառավարության կողմից այս պահի դրությամբ որևէ նպատակ դա վաճառելու և կխնդրեի, որ գոյություն չունեցող հարցի շուրջ կեղծ օրակարգ չստեղծեք, որովհետև այսօր շենքի վաճառքի օրակարգ դրված չէ», - ասաց Անափիոսյանը: