23/05/2019 19:24
Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առայժմ նշանակված չէ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առայժմ նշանակված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բուհի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։
«Երբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար լինի, այդ ժամանակ էլ հայտարարություն կտարածենք», - նշեց նա։
Հարցին՝ ի՞նչ մթնոլորտ է ԵՊՀ-ում Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, ինչպե՞ս են բուհում ընդունել վերջինիս որոշումը, Գևորգ Էմին-Տերյանը պատասխանեց.
«Մեզ համար նրա հրաժարականը շատ անակնկալ էր»։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել էր, որ հրաժարական է տալիս:
Նա իր այդ քայլը պայմանավորել էր ԵՊՀ-ի 100-ամյակը պետական մակարդակով չնշելու հանգամանքով և դա համարել ազգային ամոթ և խայտառակություն։
Արամ Սիմոնյանը միաժամանակ տեղեկացրել էր, որ մտադիր է վաղը ևեթ իր հրաժարականը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: