23/05/2019 12:20
Այս թատրոնը հերիք ա, ամեն անգամ սթրեսի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Պարզվում է՝ Հայաստանում որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատողներ իրականացնողների խնդիրներ կան, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի լաբորատորիան ասում է հարյուր տոկոս համապատասխանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում», - նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթ հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն խնդիրները կատարել։
«35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողանալու ենք այդ գումարը ծախսել և ունենալ ճանապարհ և ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում սև ցուցակի ընկերությունների թիվը ավելանում է, սպիտակ ցուցակի ընկերությունների թիվը այնքան էլ չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ խիստ չափանիշներ են դրել և պահանջներին պետք է համապատասխանեն։
Վարչապետն էլ ընդգծեց՝ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ:
«Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հակոբ Արշակյանը նշեց, որ իրենք հստակ մեսիջները հղում են և կարծում է, որ կհասկանան:
Վարչապետն, այնուամենայնիվ, չկիսեց նախարարի կարծիքը՝ մեջբերելով «Կարգին հաղորդման» սկեչերից մեկը ու հիշելով, որ մեկ անգամ նաև նախկինում Ազգային ժողովում ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ է մեջբերել:
«Գալիս եմ այն եզրակացության, որ այդ սկեչին կարգավիճակ պետք է տալ, որ վերջում ասում է՝ ոնց որ շեֆ ջան, տենց չոտկի չէիր ասում: Սա լուրջ համակարգային պրոբլեմ է, մշակութային մակարդակի պրոբլեմ է: Երբ մեկի նախագիծը մերժում ես, մտածում է՝ տենաս ինչի չունի այս նախարարը ինձ հետ, ինչի չի ուզում իրար հետ լավ լինենք, սակայն չի մտածում, որ խաբեություն չկա, պարզապես նախագիծը իրոք անորակ է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։