23/05/2019 20:27
Մեծ Բրիտանիան արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար կիբերկենտրոն է ստեղծում
Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը 22 մլն ֆունտ սթերլինգ (27,8 մլն դոլար) է հատկացրել կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու համար, որի հիմնական խնդիրը լինելու է երկրի թվային հաղորդակցություններին ուղղված արտաքին սպառնալիքների դիմագրավելը։
Այս մասին հաղորդում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտպանության նախարար Պեննի Մորդոնթին:
Այս օբյեկտն, ըստ նախարարի, նաև կիրականացնի արտերկրում գործողություններ և մարդասիրական առաքելություններ:
«Ժամանակն է խոսքից գործի անցնել», - Լոնդոնում ասել է նա՝ ելույթ ունենալով դաշինքի անդամ երկրների դեսպանների առաջ:
«Կիբեր հարձակումները կարող են ոչնչացնել մեր ազգային ենթակառուցվածքը և խաթարել ժողովրդավարական ինստիտուտները», - ասել է Մորդոնթը:
Նախատեսվում է, որ կիբերանվտանգության կենտրոնն իր աշխատանքը կսկսի 2020 թվականին: