23/05/2019 16:07
Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչները՝ տրանսպորտային կոլլապսում
Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչները տարիներ շարունակ դժգոհում են համայնքը սպասարկող երթուղու աշխատանքից և սահմանված ուղեվարձից, սակայն ապարդյուն։ Խնդիրը տարիներով մնում է չլուծված, բնակիչների բողոքը՝ անտեսված։
Համայնքի բնակչներից Մարգարիտա Առաքելյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Երևան-Հովտաշատ-Ջրառատ համայնքները սպասարկող, «ԳաԼի» ՍՊԸ-ին պատկանող 487 միկրոավտոբուսը շատ վատ է աշխատում՝ 40-45 րոպե միջակայքով, մարդիկ անասելի խցկված են երթևեկում։
«Գյուղատնտեսական ապրանքների շուկա գնացող մարդկանց բեռների հետ մենք էլ ստիպված աշխատանքի կամ դասի ենք գալիս։ Էլ չեմ խոսում երթուղայինների հակահիգիենիկ վիճակի ու վարորդների կոպիտ խոսելաձևի մասին։ Վարորդներին բողոք ներկայացնելու դեպքում հանդիպում ենք բռի և անհարգալից վերաբերմունքի՝ «Դուրդ չի գալի, տաքսիով գնա» և այլ ձևակերպումների։ Վարորդները նաև անընդհատ ծխում են, միկրոավտոբուսներում հակահիգիենիկ վիճակ է, դրանք շատ հին են ու մաշված», - նշեց մեր զրուցակիցը։
Հովտաշատ համայնքի բնակչուհին ընդգծեց, որ խնդրի առնչությամբ բազմաթիվ նամակներ է գրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, ներկայացրել անմխիթար վիճակը։
«Վերջին նամակում, որ նախարարությունից ստացա, պատասխանել են, թե Հայաստանում միասնական երթուղային ցանց է ներդրվելու, ՍՊԸ-ի տնօրենին էլ տեսչական մարմին են կանչել և ասել, որ խախտումները վերացնի։ Բայց էլի նույն վիճակն է», - ասաց Մարգարիտա Առաքելյանը։
Նրա ներկայացմամբ՝ բոլորովին այլ պատմություն է ուղևորափոխադրման սակագինը։
«Հովտաշատից մինչև Հանրապետության Հրապարակ մաքսիմում 18-19 կմ է, իսկ Հովտաշատից Արգավանդ՝ մոտ 10-11 կմ։ Վերցնում են 300 դրամ։ Համեմատելու համար ասեմ, որ Երևանից Աբովյան ուղեվարձը 200 դրամ է։ Գնացուցակն աբսուրդ ձևով է կազմված, մեզ նախորդող գյուղը Հայանիստն է, որը մեզնից ընդամնեը 2․5 կմ է հեռու։ Այնտեղ աշխատում է 35 համարի ավտոբուսը, որի սակագինը Հայանիստից մինչև Ջրվեժ 100 դրամ է։ Լրիվ մոնոպոլիա են սարքել, չեն թողում ուրիշ տրանսպորտ մտնի գյուղ ու նման ահավոր պայմաններ են», - ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Մարգարիտա Առաքելյանը շեշտեց՝ հովտաշատցիների պահանջն է վերջ դնել 487 համարի մենաշնորհին և միկրոավտոբուսները փոխարինել մեծ ու հարմարավետ ավտոբուսներով կամ բացի 487 միկրոավտոբուսից Երևան-Հովտաշատ երթուղի ներմուծել հավելյալ հանրային տրանսպորտային միջոց, ցանկալի է` ավտոբուս։
«Կամ էլ թող թույլ տան, որպեսզի 35 համարի ավտոբուսը մտնի նաև Հովտաշատ գյուղ, բացի այդ՝ ուսումնասիրեն փոխադրամիջոցի արժեքն ու տրամաբանական սակագին նշանակեն»։