24/05/2019 10:33
Ասանժը նոր մեղադրանքներով 175 տարվա ազատազրկման կարող է դատապարտվել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրում են «հանցագործությունների համար, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: Խոսքը վերաբերում է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը և նախահամաձայությանը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարությունը մեջերում է ABC հեռուստաընկերությունը:
«Ասանժի գործողությունները կարող էին զգալի վնաս հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը՝ ի շահ նրա հակառակորդների… Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում է տասը տարվա բանտարկություն յուրաքանչյուր կետով, բացի մեկից, որը վերաբերում է համակարգիչների «կոտրանքի» նպատակով դավադրությանը, ինչի համար նրան սպառնում է առավելագույնը հինգ տարվա բանտարկություն», - պատմել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:
Այսպիսով, բանտարկության առավելագույն ընդհանուր ժամանակը կարող է կազմել 175 տարի: