24/05/2019 20:05
Ճապոնիայի վարչապետը հունիսին կարող է Իրան այցելել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով կայունացնել Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները: Վերջնական որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 25-29-ը Ճապոնիա կատարելիք այցից հետո, հայտնել է NHK հեռուստաալիքը:
Վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղևորության հարցը կարող է, մասնավորապես, քննարկվել ուրբաթ Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում, գրում Է «Kyodo» լրատվական գործակալությունը:
Մինչ այդ՝ մայիսի 16-ին, Աբեն Տոկիոյում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը մտադիր Է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները:
Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան է այցելել 1978 թվականին: