24/05/2019 17:24
Մեր իրավապահ համակարգում չկա կամք՝ վերանայելու շինծու քրեական գործերը. Անդրիաս Ղուկասյան
Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանին հետաքրքրում է՝ ի՞նչ է լինելու Հայաստանում շինծու, սարքված քրեական գործերի ճակատագիրը:
Այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական գործիչը ներկայացրեց՝ որը կարող է համարվել շինծու, սարքած քրեական գործ.
«Շինծու քրեական գործերն այն գործերն են, որոնք հարուցված են կեղծ ապացույցների ու սուտ ցուցմունքների հիման վրա։ Հարցն այստեղ միայն դատական համակարգի մեջ չէ, այլ արդարադատության բոլոր էլեմենտների համախմբման։ Ես այսօր ամբաստանյալ եմ, ես մեղադրվում եմ երկու ծանր և երկու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։ Մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ հեղափոխություն, քրեական հետապնդումն իմ նկատմամբ շարունակվում է։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգում չկա կամք՝ վերանայելու շինծու քրեական գործերը։ Եվ պարզ է, թե ինչու չկա այդ կամքը, որովհետև այդ կամքը ենթադրոմ է, որ պետք է կիրառվեն ապօրինի ազատազրկման մասին նորմերը։ Տասնյակ մարդիկ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա հենց այնպես բան չէ՝ կեղծել ապացույցներ, սուտ ցուցմունքներ տալ։ Եվ մեր օրենսդրությունը բաց ունի այդ առումով։ Այսօր ես կարող եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր երկրում, այնուամենայնիվ, չեն վերաբերել իրավական համակարգում այս լրջագույն խնդրին»։
Որպես լուծում, Ղուկասյանն առաջարկում է ստեղծել ճշմարտության հանձնաժողովներ, բայց դրանք անհրաժեշտ են դառնում այն ժամանակ, երբ չկա բացահայտումների կամքը:
«Շատ կարևոր է, որ անցումային արդարադատության հարցը մենք չդիտարկենք զուտ դատավորների վեթինգի շրջանակներում։ Դատական համակարգի վերաբերյալ հանրության վստահությունը կվերակագնվի, երբ հանրությանը տեսանելի կլինի, որ ամբողջ իրավապահ համակարգն իսկապես բարեփոխվել է։ Իսկ դա պետք է նախ և առաջ լինի քաղաքական գնահատականից հետո։ Պետք է լինի քաղաքական գնահատական, որ երկրում եղել է ռեժիմ, և երկրի իրավապահ համակարգը շեղվել է օրինական ճանապարհից։ Մինչև այդ քաղաքական գնահատականը չլինի, դժվար է խոսել թե՛ վեթինգի, թե՛ լյուստրացիայի, թե՛ ցանկացած անցումային արդարադատության մասին», - հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը։