24/05/2019 16:52
Չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքին. Սաքունց
Չպետք է Հայաստանում լինի չորրորդ իշխանություն, որի օրոք քաղաքական հետապնդումներ, անադարություններ կամ պետության զավթում կլինի, այն, ինչ եղել է ՀՀ երեք նախկին նախագահների օրոք, այսօր Ազգային ժողովում անցումայն արդարադատության թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով, մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է ունեզրկվեն կամ սպառնալիք ստանան, չպետք է խոշտանգվեն, չպետք է սպանվեն և երկրում չպետք է լինի անպատժելիություն։
«Կոնսոլիդացված ավտորիտար, անպատժելիության համակարգ հանդիսացած կառավարման համակարգից վստահելի պետություն ունենալու անցման համար պետք է ձևավորվեն վստահելի մարմիններ։ Առաջիններն արդեն ունենք՝ Ազգային ժողով, Կառավարություն, մնում է արդարադատությունը։ Բայց արդյոք միայն արդարադատությու՞նը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության խնդրի ակունքն իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։ Դուք մի մտածեք, որ պետությունը զավթվել է Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի խմբի կողմից, օրենքները լավն են եղել և իրենք թույլ չեն տվել, որ այդ օրենքները գործեն։
Ես վստահեցնում եմ ձեզ, որ օրենսդրության և Սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել։ Սահմանադրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որոնք հնարավորություն չէին տալիս, որպեսզի մենք կարողանանք իշխանություն ձևավորել, արդարադատություն իրականացնել», - ասաց նա։
Անդրադառնալով վեթինգի ներդրմանը, Սաքունցը նկատեց, որ վեթինգի կամ գնահատաման մեխանիզմն այս պայմաններում կլինի ընդամենը մեկուսի մի բնագավառ, որը չի բերելու այն ենթադրյալ արդյունքին։
«Այդ պատճառով շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը։ Անպատժելիությունը կշարունակվի, քանի դեռ մարդու դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն չեն կրել: Երկրորդ՝ քանի դեռ մարդիկ, որոնց իրավունքները խախտված են եղել, արժանապատվությունը՝ նվաստացված, չեն ճանաչվել պետության կողմից, փոխհատուցում չեն ստացել։
Եվ չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքին, որոնք կարող են ցանկացած ժամանակ օգտարգործել որպես քաղաքական կապիտալ՝ ժողովրդավարական պետության ձևավորման դեմ», - հայտարարեց Սաքունցը։