24/05/2019 12:09
Հայաստանի ազգային, կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք. Վարչապետ
Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից է, այսօր Երևանում հրավիրված Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին հայտարարեց վարչապոտ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը, երկրում սկզբունքային է ազգային կրոնական փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու համար երաշխիքների ապահովումը։ Պետք է արձանագրեմ, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, քանի որ գոնե ես համոզված եմ, որ մարդը, Աստծուն հավատալով, առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից է և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից` լինի ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները:
Այս առումով ուրախ եմ նշել, որ Հաաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանը, առավել ևս լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Եվ կարծում եմ, որ այն, որ այսօր Հայաստանի ազգային, կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Եվ ես ուզում եմ ասել, որ մեզ համար սկզբունքային հարց է, որ ազգային, կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն լիարժեք իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու համար, իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան», - ասաց վարչապետը: