25/05/2019 12:24
Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. պետք էր ստուգել ԱԳ նախարարի օրակարգը. խոսնակ
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այսօրվա հրապարակումներից մեկին, որի համաձայն անցյալ շաբաթ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո, աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը և ստիպված են եղել նրա համար շտապօգնություն կանչել։
Աննա Նաղդալյանը, մասնավորապես, գրել է.
«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:
Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»:
Նշենք՝ «168 ժամ» թերթն այսօր գրել է, որ խիստ հավաստի տեղեկություններով՝ նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նախարարին, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը:
ԱԳՆ թերթի աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: