25/05/2019 13:47
Այնպես չէ, որ Պուտինը մտածում է այստեղ որևէ նախարարության պաշտոնյայի նշանակել-չնշանակելու մասին. Թևան Պողոսյան (Տեսանյութ)
Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Թևան Պողոսյանը փորձեց ցրել այն մտայնությունը, թե ՌԴ նախագահ Պուտինի թելադրանքով Հայաստանում ինչ-որ պաշտոնյաներ են նշանակվում։
«Աշխարհի մեծ, հզոր երկրները շատ ժամանակ կարող է քեզ ուղղակի չասեն՝ գնա այս բանն արա։ Այնպիսի իրավիճակ չէ էլի, որ Պուտինը առավոտ շուտ գալիս է Կրեմլի իր նստավայր, ասում՝ Հայաստանի գիրքը բերեք։ Օգնականն էլ բերում է, թերթում է ու ասում՝ եկեք էսօր էներգետիկայի նախարարության էս բաժնի պետի հարցը լուծենք, հետո զանգում է պարոն Փաշինյանին ու ասում՝ սրան նշանակի։ Նման բան չկա։ Ձևավորվում է իրավիճակ, որի հիման վրա դու կամ ստիպված այդ որոշումն ես կատարում կամ չես կատարում», - նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանությունը կբարձրանա այն բանից, երբ մեր երկիրը կունենա այլընտրանքներ, այսինքն՝ պարտադրվող որոշման դեպքում կունենա այլընտրանք ու չի կատարի այդ որոշումը։
«Գազի գնի խաղաքարտը ինչո՞ւ է պարբերաբար օգտագործվում։ Եթե մենք մեր երկրում ունենայինք արևային ու հիդրո համակարգեր, ապա գազի գնից ընդհանրապես չէինք խոսի», - հավելեց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում