25/05/2019 17:57
Չնայած բոլոր հորդորներին եղել են նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ. ՃՈ-ն ամփոփել է «Վերջին զանգը»
Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ մայիսի 24-ին, «Վերջին զանգի» օրը, տեղափոխել են 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում, 37 վարոդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
«Այսօր արդեն ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ տոնի առթիվ ոստիկանության նախապատրաստական աշխատանքները տվեցին ցանկալի արդյունքը․ շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել», նշված է ՃՈ հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հիշեցնում են՝ նախազգուշացրել էին, որ լինելու է հետևողական, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:
Նշվում է, որ չնայած բոլոր հորդորներին եղան նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ։ Բայց ոստիկանությունը՝ հավատարիմ օրինականության ապահովման սկզբունքին, հետևողական ծառայության շնորհիվ, ժամանակին կանխեց հակաօրինական բոլոր դրևորումները։