25/05/2019 18:07
Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առանցքային վարչությունների անձնակազմի հետ
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, փոխանցում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ըստ աղբյուրի, մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։
Վալերիյ Օսիպյանը նախ վերլուծել է այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։ Ոստիկանության պետն առանձնացրել է հանրորեն վտանգավոր մի շարք հանցագործություններ՝ հանձնարարելով ակտիվացնել պայքարը դրանց կանխարգելման ուղղությամբ։
Վալերիյ Օսիպյանն ընդգծել է՝ շարունակելու է հետևողականորեն պահանջել, որ գլխավոր վարչությունների աշխատակիցները անթերի կատարեն իրենց պարտականությունները։
Ոստիկանության պետը հանձնարարել է ավելի ակտիվացնել համագործակցությունը տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ փաստելով, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունները օպերատիվ աշխատանքների ճիշտ կազմակերպման ու իրականացման ազդակ են։