28/05/2019 21:45
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:
Մայիսի 28-ին համանախագահներին ընդունել է նաև Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Նա անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին և պատասխանել համանախագահներին հետաքրքրող հարցերին: