29/05/2019 12:18
Մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի. Սարգիս Խանդանյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկինում լրագրող էր, այսօր ԱԺ ամբիոնից փարատեց լրագրողների մտահոգությունները և հայտարարեց, որ նրանց գործունեությունը ԱԺ-ում սահմանափակելու մտադրություններ չկան:
««Իմ քայլը» խմբակցության համար գործունեության հրապարակայնությունը սկզբունքային է և մնալու է այդպիսին», - հավելեց պատգամավորը:
Նախկին լրագրողը վստահեցրեց, որ ԱԺ իշխանական խմբակցությունը երբևէ չի ունեցել ու չի ունենա մտադրություն սահմանափակել կամ խոչընդոտել լրագրողների գործունեությունը:
«Ազգային ժողովի դահլիճում նստած են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ձեզանից շատերի կողքին պայքարել են հանուն ազատ մամուլի ու խոսքի ազատության: Այժմ, երբ այդ ազատությունների մասով Հայաստանն ունի աննախադեպ իրավիճակ, ահեթեթ է մտածել, որ այս մարդիկ որևէ կերպ կընկրկեն ու կսահմանափակեն ձեր գործունեությունը:
Սիրելի լրագրողներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործունեության համար և վերահաստատել, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտարնք չունի, մամուլի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, հանրային իշխանության բաց և հրապարակային գործունեությունը Հայաստանում այլընտրանք չունի», - հայտարարեց Խանդանյանը:
Նկատենք, որ օրերս մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում քննարկում են խորհրդարանում լրագրողների գործունեությունը սահմանափակելու մասին: