04/06/2019 17:57
Չկասկածեք՝ ուսումնասիրելու ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստների հանգամանքները. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
2016թ.-ին Ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված Քննիչ հանձնաժողովի քնության առարկան է լինելու ՀՀ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարման, զորքերի համալրման, ծառայության, հետախուզական վիճակի ուսումնասիրությունը:
Բացի այդ, հանձնաժողովականներն ուսումնասիրելու են հրամանատարական որոշումները հակառակորդի հարձակողական գործողությունների կանխման մասին, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածությունը:
Այսօր հանձնաժողովի աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովն ունի իրավասություն ստանալ նորմատիվային ու ոչ նորմատիվային ակտեր՝ կոլեգիայի նիստերում որոշումներն ու զեկուցագրերը, գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթեր, ինչպես նաև հրավիրել հանձնաժողով սպայական կազմի ներկայացուցիչներին, լսել նրանց:
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է նախկին պաշտոյաներ ևս հրավիրվեն հանձնաժողով, Քոչարյանը դրական պատասխան տվեց:
Լրագրողը մասնավորեցրեց՝ Սեյրան Օհանյա՞ն, Սերժ Սարգսյա՞ն, ինչին հանձնաժողովի նախագահն արձագանքեց.
«Դուք հիմա անուններ եք տալիս… մենք կանչելու ենք բոլորին, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկություններ, և ես համոզված եմ՝ շատերը կարող են օգտվել իրենց իրավունքից, ասել՝ չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից ոչ մեկ իրավունք չունի շրջանցել հարցը»:
Այունհետև նա հիշեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ բանակին մատակարարվող բենզինին ջուր խառնելու մասին ու հարցադրում արեց.
«Բա Կարեն Կարապետյանին չհրավիրե՞նք, հասկանանք՝ ինչը ո՞նց է եղել»:
Եթե այդուհանդերձ, հանձնաժողով հրավիրվող անձինք հրաժարվեն, ապա Քոչարյանի խոսքով, իրենք կգնահատեն հրաժարվելու պատճառները:
Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողով են հրավիրելու նաև բոլոր զոհերի հարազատներին, ծառայակից ընկերներին, լսելու են նրանց, քանի որ «նրանք հսկայական տեղեկատվության կրող են»:
Հանձնաժողովն, ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի, գործելու է 6 ամիս ժամկետով:
Աշխատանքային այս հանդիպմանը հանձնաժողովի անդամները քննարկել են զուտ տեխնիկական հարցեր՝ ինչպես են աշխատելու:
«Ունենալու ենք ուսումնասիրության այնպիսի առարկա, որը հասարակության մոտ կփարատի բոլոր կասկածները: Մեր հիմնական շահառուն առաջին հերթին պետք է լինի մեր հասարակության մոտ բանակի նկատմամբ վստահության ավելացումը, տուժողների իրավահաջորդների մոտ որևէ հարց չպետք է մնա, դրանց պատասխանները պետք է փորձենք գտնել, եթե չկան պատասխաններ, ապա պետք է հիմնավորենք, որ շատ հարցեր եղել են շահարկված», - հայտարարեց Քոչարյանը:
Հարցին՝ բացի մարդկային կորուստների պատճառներն ուսումնասիրելուց, արդյոք հանձնաժողովն ուսումնասիրելո՞ւ է նաև տարածքային կորուտսների պատճառները, Քոչարյանն արձագանքեց.
«Չկասկածեք, բացի մարդկային կորուստների պատճառներից մեր հանձնաժողովը ուսումնասիրելու է նաև տարածքային կորուտսների պատճառները»:
«Իմ քայլի» պատգամավորը նաև անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Օհանյանը տարակուսանք էր հայտնել՝ նշելով, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրեն բանակում չծառայած անձինք:
«Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, բոլորն էլ ունեցել են ու ունեն առնչություն պաշտպանական ոլորտի աշխատանքներին: Չծառայած մարդ չունենք: Ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը թերագնահատելը համարում եմ անարգանք զոհերի հիշատակի նկատմամբ: Բացի այդ, հանձնաժողովը չունի որևէ թիրախ բանակում: Հանձնաժողովի աշխատանքը միտված է բանակի հզորացմանը», - նշեց Քոչարյանը:
Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի անդամ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահպանելու են կոռեկտություն, քաղաքական շահարկումներ չեն լինելու, ավելին՝ արտահոսք էլ չի լինելու: