04/06/2019 11:59
ԱԺ-ն հաստատեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին նախագիծը
Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «2008 թվականի Մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին բոլոր խմբակցությունները՝ 105 կողմ:
Հիշեցնենք՝ այս նախագծի հեղինակն «Իմ քայլից» Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են:
Այս նախագծով աջակցություն է տրամադրվելու է 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանն այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հեղինակները նոր փոփոխություններ էին առաջարկել. նախագծով առաջարկվող աջակցությունից չեն օգտվի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել՝ արդարացման հիմքով: