04/06/2019 13:04
«Փոքրիկ ուշադրություն» առաջնագծի զինծառայողներին ԱԺ-ի կողմից. Նրանց հաշիվներին արգելանք կդրվի 30 տոկոսի չափով
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ է կատարել, որով առաջարկում է առաջնագծում զինծառայություն իրականացնողների աշխատավարձի հաշվի վրա արգելանքը կիրառվի ոչ ավելի քան 30 տոկոսով:
Այսինքն, եթե զինծառայողը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, ապա կարող է արգելանք դրվել 60 հազարի վրա:
«Այս օրինագծի հետ կապված փոքրիկ պատմություն, որ կուզեի ներկայացնել: Երբ մենք հանդիպումներ էինք ունենում առաջնագծի զինվորների հետ, Խնձորուտ գյուղում մի երևույթի ականատես եղանք, որն այս նախագծի մշակման հիմք հանդիսացավ: Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ընտանիքը 4 ամիս էր գյուղի խանութից «նիսյայով» ապրանք էր վերցնում, որ ընտանիքը սնվեր, ապրեր: Արգելանք էր դրված զինվորականի հաշվի վրա ու ոչ մի գումար չէր կարողանում հաներ, որ մթերք առնեն: Այս իրավիճակն ինձ մտածելու առիթ տվեց և այս նախաձեռնությունը մեր փոքրիկ ուշադրությունն է, մեր հարգանքն առաջնագծի ծառայողներին», - նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Բագրատյանը:
Նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Կառավարությունն էլ չի ընդդիմացել: