05/06/2019 16:54
ԱԱԾ գործունեության հիմնական ուղղությունը շարունակում է մնալ հետախուզությունն ու հակահետախուզությունը. Վանեցյան
ԱԱԾ-ն ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«2001 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված ԱԱԾ մարմինների մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ ԱԱԾ-ն ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է և իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության և պետության անվտանգությունը: ԱԱԾ մարմինների գործունեությունն ապահովվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ հետախուզություն, հակահետախուզություն, Սահմանադրական կարգի և ահաբեկչության դեմ պայքար, պետական սահմանի պահպանում, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդում և այլ ուղղություններում», - ասաց Վանեցյանը:
Վերջինս ընդգծեց, որ ԱԱԾ գործունեությունը ընդգրկում է ՀՀ կենսագործունեության բոլոր ոլորտներն ու բնագավառները:
«Այն ներառում է ՀՀ պաշտպանվածության ամրապնդումը, անվտանգության ապահովումը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների առանձին անձանց հետախուզական և այլ քայաքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը», - հավելեց Վանեցյանը: