06/06/2019 16:26
Արդարադատության նախարարը միջնորդել է ԲԴԽ-ին պատասխանատվության ենթարկել Վճռաբեկ դատարանի դատավորներին (Տեսանյութ)
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9-ը դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել ու այդ մասին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։
«Միջնորդությունն իմ կողմից ներկայացվել է հարգալից կերպով։ Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերը և ջանքերը։ Այս միջնորդությունն ամենևին էլ նպատակ չունի նվաստացնել Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը», - միջնորդության ըստ էության քննությանն անցնելուց առաջ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։
Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:
Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:
Բողոք բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:
«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել», - այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել։
Մինասյանն ի պատասխան ասաց, թե չի պատրաստվում թեորետիկ ներկայացնել՝ ինչ է արդարադատությունը, նշեց, որ Օրենսդիրը սահմանել է նոր ապացույցի դեպքում բողոքի քննության ձևերը և ավելացրեց.
«Այս պարագայում վարույթ չընդունելը հենց խոչընդոտել է արդարադատության իրականացմանը»։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես թիրախավորված դատավորների ցանկում է, նկատեց, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր չկան, մերժել է և հետաքրքրվեց՝ արդյոք սա արդարադատության իրականացումից հրաժաու՞մ է։
Ի պատասխան Մինասյանն ասաց, որ վարույթ չընդունելով քաղաքացու բողոքը, Վճռաբեկ դառարանն ինքն իրեն սահմանափակում է, իսկ վարույթ ընդունելը մերժելը ամբողջությամբ վերջ է դնում գործընթացին։
Վճռաբեկ դատարանի դատավորներն այս պահին հարցեր են տալիս Արդարադառության նախարարի ներկայացուցչին, որը պարբերաբար պատասխաններ տալու համար խորհրդակցում է դահլիճում նստած նախարար Արտակ Զեյնալյանի հետ։