
06/06/2019 12:29
Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է. նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. փաստաբան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ ինտենսիվ բուժում է ստանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ չցանկանալով պարզաբանել, թե հատկապես որ հիվանդանոցում է այս պահին իր պաշտպանյալը։
«Կոմայի մեջ է ընկել, դրա համար է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Քանի որ Մանվել Գրգորյանն այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որպես կանոն՝ հարազատների կողմից տեսակցություններն այդ բաժանմունքում թույլատրված չեն։ Երբ տեղափոխվի հիվանդասենյակ, տեսակցությունների արգելք չի լինի», - ասաց փաստաբանը։
Արսեն Մկրտչյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր տեսակցել է իր պաշտպանյալին, վերջինս գիտակցություն ունի։
Հարցին՝ բժիշկների կողմից քննարկվում է արդյոք Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը, փաստաբանը պատասխանեց՝ այս գիշեր իր պաշտպանյալի վիճական այնքան վատ է եղել, որ առայժմ միայն ողջ մնալու խնդիր է դրվել։
«Եթե կյանքի ցուցում չլիներ, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խոչընդոտները կշարունակվեին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ակտիվությունը նպաստեց, որպեսզի Մանվել Գրիգորյանին ցինիկաբար խոշտանգումը վերջապես դադարեցվի», - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մինչև հիմա վերջինիս նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբրվել։
Պաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալի առողջական վիճակի կայունացումից հետո պատրաստվո՞ւմ են դիմել ՀՀ վարչապետին՝ թույլ տալու Մանվել Գրիգորյանին տեղափոխելու արտերկիր, Արսեն Մկրտչյանը հավաստիացրեց, որ դատավարական օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները քայլ առ քայլ իրականացվում են։
«Վարչապետին դիմելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև նա հրապարակավ հայտարարում է, որ դատական գործընթացներին չի միջամտում։ Բավական կլինի, որ գործադիրի ղեկավարը բացասական կարծիք չհայտնի։ Դա արդեն իսկ լավ կլինի»,- նշեց փաստաբանը։