06/06/2019 14:43
Հայաստանի և Արցախի միասնականության վրա որևէ մեկը կասկած չպետք է ունենա. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի և Արցախի միասնականության վրա որևէ մեկը կասկած չպետք է ունենա, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ոչ մեկ կասկած չունենա մեր միասնականության վրա։ Մեր ներսի քննարկումները կարող են շատ բաց և շատ սուր լինել, բայց եթե ինչ-որ մեկը ենթադրել է, որ այդ սրությունը քայքայում է մեր միասնանակությունը, խորհուրդ կտամ՝ չսխալվել։
Դա արտահայտվել է 1991 թվականից ի վեր, վերջին անգամ՝ 2016 թվականի ապրիլին, որ որևէ մեկը մեր միասնականությունը չպետք է կասկածի տակ դնի։ Մենք ունենք հարցեր, ունենք բանավեճեր և այսպիսին է մեր հասարակությունը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, նախօրեին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշել էր՝ «մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ»։