08/06/2019 12:27
Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկի շտաբի պետի գույքը հրկիզելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարել է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։