08/06/2019 11:11
Շատ էական է, որ աշխարհը ճանաչի Հայաստանը. ՀՀ նախագահ
Մենք աշխարհի մի մասն ենք, և եթե աշխարհը քննարկում է իր խնդիրները, Հայաստանը ևս, լինելով աշխարհի մի մասը, պետք է նախևառաջ գիտակցի, թե ինչ է կատարվում աշխարհում, Մտքերի հայկական գագաթնաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, իսկ մենք շատ ենք ուզում առաջ գնալ, նախևառաջ պետք է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Եթե ուզում ենք՝ մեր երկիրն առաջ գնա և 20-30 տարի հետո շատ ավելի լավը լինի, ապա պետք է գիտակցենք, թե աշխարհը որտեղ է լինելու 20-30 տարի հետո։ Գիտակցելու, հասկանալու համար նման համաժողովները շատ էական են», - ասաց ՀՀ նախագահը։
Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ շատ էական է նաև, որ աշխարհը ճանաչի Հայաստանը։
«Իմ նպատակն է, որ այս համաժողովն անցկացվի ամեն տարի, որը դժվար է լինելու։ Բայց դժվար է նաև համոզել, բերել Հայաստան։ Բայց ես համոզելու մի քանի գաղտնի ձև գիտեմ», - կատակով հավելեց հանրապետության նախագահը։
Արմեն Սարգսյանը միաժամանակ շեշտեց՝ համաժողովի գեղեցիկ կողմն այն է, որ դրա ընթացքում հյուրերը խոսելու են բոլոր թեմաներով՝ սկսած աշխարհաքաղաքական զարգացումներից, նոր տեխնոլոգիաներից, արհեստական բանականությունից, վերջացրած մշակույթով։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախագահը, կարծես, կառավարությունից անկախ օրակարգով է առաջ շարժվում, ՀՀ նախագահն ասաց. «Դա ձեր անձնական կարծիքն է»։