08/06/2019 10:53
Ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի ոլորտում. ՀՀ վարչապետ
Հին հնդկական առակը հարց է դնում՝ ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը և պատասխանում է՝ մտքերն են աստղերից ավելի շատ, Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միտքն այն ամենակարևոր շրջադարձային երևույթն է, որը կերտել է մեր իրականությունը։ Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա, և դա մարդկային միտքն է», - ասաց գործադիրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են մարդկային մտքի ոլորտում։
«Այսօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ։ Բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով, և աշխարհում ստղծվել է արհեստական ինտելեկտը։ Սա է ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը։ Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն Երկիր մոլորակի, այլև՝ այլ մոլորակների վրա», - ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ 21-րդ դարը մտքի զարգացման, մտքի հաղթանակի դար է, և մենք հավատում ենք, որ 21-րդ դարը ՀՀ քաղաքացու դարն է։
«Մենք հավատում ենք, որ 21-րդ դարում տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդ։ Եկել է մտքի դարը, և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք։ Մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացամբ, իրացմամբ և վերարտադրմամբ։ Մեր խնդիրն է Հայաստանը դրաձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, տաղանդի և մտքի համար։ Մեր խնդիրն է ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կստեղծի արհեստական ինտելեկտ, և այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, համընդհանուր կայունությանն ու բարեկեցությանը։ Շատ պատեհ է, որ Մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանում», - իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։