08/06/2019 14:07
Սպորտից՝ բանակ. 23-ամյա սերժանտի մտորումները
Սերժանտ Սարգսյանը ծառայում է զրահատանկային բրիգադում, հրետանավոր է: Ծառայության ընթացքում հասցրել է խրախուսվել «Բանակի գերազանցիկ»-ի և Ուսումնական զորամասն ավարտելու կապակցությամբ ստացած կրծքանշաններով:
Մինչև ժամկետային ծառայության անցնելը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, առայժմ չի որոշել, թե ծառայությունն ավարտելուց հետո ինչով է զբաղվելու, սակայն համոզված է, որ բանակում ստացած գիտելիքներն ու փորձը կյանքի տարբեր ժամանակահատվածներում լավ հիմք կհանդիսանան իր համար:
23-ամյա սերժանտ Նարեկ Եսայանը ծառայում է զրահատանկային բրիգադում՝ որպես տանկի հրամանատար: Իր տարեկից ընկերներից փոքր-ինչ ուշ է ծառայության մեկնել: Մինչ այդ ավարտել է Վանաձորի պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրություն բաժինը:
Գիտելիքների որոշ պաշար սերժանտ Եսայանը կուտակում է նաև զինվորական ծառայության ընթացքում: Այստեղ ևս լինում են կրակային, ցուցադրական պարապմունքներ, զորավարժություններ, ինչպես նաև պլանով նախատեսված դասընթացներ:
Մեզ հետ զրույցում Նարեկ Եսայանն ասել է, որ մինչև Արցախ գալը որոշակի պատկերացում կար անցկացվելիք ծառայության մասին, սակայն ծառայության անցնելուց հետո սկսեց ավելի լուրջ մոտենալ այդ ամենին:
«Իրավիճակից ելնելով՝ փոխվում է լրջությունը ծառայության նկատմամբ: Մասնագիտական որակավորման առումներով Զինված ուժերում տարվում է հետևողական աշխատանք: Կցանկանայի, որ մեր բանակը համալրող մասնագետները, և, առհասարակ, նորակոչիկները ավելի աչալրջորեն մոտենան ծառայությանը», - նշում է Ն. Եսայանը:
Ի դեպ, սերժանտ Եսայանը 10 տարի զբաղվել է սպորտով: Ասում է՝ կիրակնօրյա պլանով նախատեսված սպորտմասսայական միջոցառումների ընթացքում հասցնում է նաև խաղալ այդքան սիրելի ֆուտբոլ, բացի դրանից նաև վոլեյբոլ, պարանի ձգում և այլն:
Նարեկի ծառայության ավարտին մնացել է շուրջ 2 ամիս: Իր խոսքով՝ ամենայն հավանականությամբ ուսումը կշարունակի մագիստրատուրայում: Արցախ կրկին այցելության մասին էլ չի մոռանում հիշեցնել՝ ընդգծելով, որ Արցախը մեր բոլորի տունն է: