10/06/2019 19:53
Արցախը զինվորների համար հարազատ օջախ է
Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու կյանքում անցնում է յուրովի. ոմանց համար այն սկսվում է հայրական տնից դուրս գալու և հարազատների հետ գրկախառնվելու պահից, իսկ մյուսների համար՝ զորամասի ընտրության վայրից:
20-ամյա Ժորա Սարգսյանի համար զինվորական ծառայությունը սկսվեց այն պահից, երբ իմացավ, որ երկու տարվա ժամկետային ծառայությունն անց է կացնելու Արցախում:
Ժորան բանակ է զորակոչվել 2017թ.-ին և ծառայում է արդեն 22 ամիս: Երկու ամսից ծառայությունն ավարտելուց հետո Ժորան կվերադառնա հայրենի Վանաձոր:
«Տան երեք զավակներից կրտսերն եմ: Մյուս եղբայրս ևս ծառայել էր այստեղ, հետևաբար, Արցախն ինձ համար դարձել էր հարազատ օջախ: Իմ պատկերացումներում, մեր բանակը միշտ էլ եղել է մարտունակ։ Արդեն իսկ համոզվել եմ, որ այն պատրաստ է լուծել իր առջև ծառացած խնդիրները: Մեր օրերն այստեղ շատ հագեցած են լինում, քանի որ գրեթե ամենօրյա պարապմունքներ և վարժանքներ ենք ունենում», - նշել է Ժ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ժամկետային ծառայությունը կյանքի մի հատված է, որը պետք է յուրաքանչյուր տղամարդու՝ սովորելու և կատարելագործվելու համար։