10/06/2019 15:12
Աբովյանում տեղի ունեցած հրկիզման գործով հարցաքննվել է 20 անձ, նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ ղեկավարը մանրամասներ է հայտնել
Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննել է 20 վկա, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:
«Վկան անպայման չի, որ լինի ականատեսը», - ասաց Գրիգորյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 8-ին՝ ժամը 4-ի սահմաններում, անհայտ անձն ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ:
Հարցին՝ արդյոք քննվո՞ւմ է այնպիսի վարկած, որ դա կարող էր անել մեքենայի կամ բնակարանի տերը, այլ կերպ ասած` «ինքնահրկիզման» հնարավորությունը, ՔԿ ղեկավարը պատասխանեց.
«Ոչ միայն այդ քրգործով, բոլոր քրգործերով, բնականաբար, տարբեր վարկածներ պետք է առաջ քաշվեն և միաժամանակ ստուգվեն»:
Այս քրեական գործի շրջանակներում, ըստ Գրիգորյանի, առաջ քաշված վարկածները չորսն են: ՔԿ ղեկավարը չմատնանշեց դրանք` նշելով, որ նախաքննական գաղտնիք է:
«Բոլոր հնարավոր վարկածները պետք է քննիչն առաջ քաշի, միաժամանակ ստուգի՝ կա՛մ հերքի, կա՛մ հաստատի», - ասաց նա:
Մյուս հարցին, թե ո՞ր վարկածին է հակված, Գրիգորյանը պատասխանեց.
«Որպես վկա 20 հոգի հարցաքննվել է, նշանակվել են փորձաքննություններ, տրվել են մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություններ։ Ապացույցների որոշակի կրիտիկական մասսա ձեռք բերելու դեպքում նոր կքննարկենք՝ որ վարկածին ենք հակված, որն է հիմնավորվում, որն է հերքվում»: