10/06/2019 19:19
Զինվորական ծառայությունը շատ բան է փոխել իմ կյանքում. Զինծառայող
Անվտանգության ապահովումն Արցախի առաջնային խնդիրներից է, որի երաշխավորը հայ զինվորն է: Զինվորը նախ և առաջ երիտասարդ է, ով ունի երազանքներ ու նպատակներ: Փորձեցինք պարզել` ինչ նպատակներ ունի այսօրվա զինվորը:
Հովհաննես Գալստյանն արդեն տաս ամիս է, ինչ ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: Ծնվել է Երևանում, սովորել համալսարանում՝ որպես ցանցային օպերատոր: Նրա կարծիքով, կրթությունն իրեն շատ է օգնել ծառայության հարցում:
Հովհաննեսի համար զինվորական ծառայությունը ոչ թե պարտավորություն է, այլ առաքելություն: Նա կարևորում է զինվորական ծառայությունը, նշելով, որ յուրաքանչյուրի պարտքն է ծառայել հայրենիքին և ներդրում ունենալ հայրենիքի պաշտպանության գործում:
Նա չի մտածում ծառայությունն ավարտելու մասին, քանի որ զինվորական կյանքը հետաքրքիր է և առիթ չի ունենում ձանձրանալու, բայց, այնուամենայնիվ, ծառայությունն ավարտելուց հետո չի պլանավորում շարունակել զինվորական գործը, քանի որ քաղաքացիական կյանքում իր ապագան ավելի լավ է պատկերացնում:
Հարցին՝ ինչպե՞ս էր պատկերացնում զինվորական կյանքը մինչև բանակ զորակոչվելը, Հովհաննեսի պատասխանն այսպիսին է.
«Մինչև ծառայության անցնելը զինվորական կյանքը ավելի թեթև էի պատկերացնում, ինչպես ֆիլմերում է նկարագրվում, բայց իրական ծառայությունն ավելի լուրջ է և դժվար»:
Նա վստահ է՝ բանակում ծառայությունը շատ բան է փոխել իր կյանքում՝ ավելի հասուն և գիտակից է դարձել:
Իսկ բանակ զորակոչվող տղաներին մաղթանքը մեկն է.
«Նրանց անփորձանք ծառայություն։ Ամենակարևորն այն է, որ լավ, արժանապատիվ ձևով ծառայեն, ինչը թույլ կտա ապահովելու մեր երկրի անվտանգությունը: Ծառայությունն օգնում է ավելի ամուր դիմակայել կյանքի դժվարություններին»: