10/06/2019 13:36
Փաշինյանը պատերազմ է հայտարարո՞ւմ
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոտ մեկ տարի տևած համեմատաբար հանգիստ վիճակից հետո վերջին մեկ շաբաթվա ընթացքում սրընթաց էսկալացիա է նկատվում։
Նախ, մայիսի 30-ին Ադրբեջանից տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ակնայի հատվածում հայկական կողմի դիպուկահար կրակոցից մայորի կոչումով զինծառայող է զոհվել։ Հայկական կողմից այն որակվեց իրականությանը չհամապատասխանող սադրիչ ապատեղեկատվություն։
Այդուհանդերձ երկու օր անց՝ հունիսի 1-ին արդեն հայկական կողմը հայտարարեց մարտական կորուստ ունենալու մասին՝ նշելով, որ 19-ամյա ժամկետային զինծառայողը Սիփան Մելքոնյանը զոհվել է հակառակորդի հրազենային կրակոցից։
Այս իրադարձությունների ֆոնին հունիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում կայացած ասուլիսի ընթացքում, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի, հույս է հայտնում, որ լարվածությունը շփման գծում առաջիկայում կնվազի։
Չնայած այս լավատեսությանը, հունիսի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հայկական կողմի կրակոցից Թարթառի շրջանում ադրբեջանական բանակը նոր կորուստ է ունեցել։
Թվում էր, թե գործ ունենք տեղեկատվական արշավի հետ, որտեղ ադրբեջանական կողմն ցուցաբերելով նախահարձակ գործողություններ՝ միաժամանակ ձևացնում է, թե տուժող կողմ է և ստիպված է արձագանքել իրավիճակին։ Համենայնդեպս նախկինում հաճախ էր այդպես պատահում, նամանավանդ արտգործնախարարների կամ նախագահների սպասվելիք հանդիպումներից առաջ։ Եվ թվում էր, որ հայկական կողմը հերթական անգամ կհայտարարի, որ պաշտոնական Բաքուն ապատեղեկատվություն է տարածում։
Սակայն երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը «բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։ Փաստացի հայկական կողմն այսպիսով ստանձնեց ադրբեջանական բանակի կորստի պատասխանատվությունը։
Ադրբեջանի արձագանքը չուշացավ։ Նախ՝ րոպեներ անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ նախարարների հանդիպումից առաջ նման գործողությունը ուժեղացնելու է լարվածությունը, իսկ մեկ օր անց ադրբեջանական զինված ուժերի հետ փոխկապակցված Armiya.az կայքում զետեղված նյութում ուղիղ տեքստով հայտարարվեց. «Դե ինչ, Փաշինյանն ու Տոնոյանն այսպիսով արձակում են մեր զինվորականների ձեռքերը։ Եվ հիմա ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ շփման գծի ողջ երկայնքով հայ բորենիների որսի սեզոնը կարելի է բացված համարել»։
Որ Բաքվի ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ քարոզչական մոտեցումներն ու մարտավարությունն անցած մեկ տարում փոփոխություն չէին կրել, վաղուց էր հասկանալի։ Հասկանալի էր նաև, որ հեղափոխական թավիշը ոմանց տեսողության վրա ազդել է և նրանք ակնհայտը չեն նկատում։
Մյուս կողմից էլ հասկանալի է, որ հայկական կողմի պատժիչ կամ պատասխան գործողություններն օրինաչափությունների շարքից են, և դժվար է գտնել դեպք, որ այդպիսիք չեն եղել։ Իրավիճակի միակ նորությունը պաշտոնական Երևանի հրապարակային կեցվածքն է։
Նախկինում թեև հնչել են պատասխան տալու խոստումներ ու սպառնալիքներ, բայց երբեք պոստֆակտում պատասխանատվություն չի ստանձնվել, այն էլ՝ հրապարակավ։
Եվ այս իրավիճակում ինչպե՞ս մեկնաբանել փաստը, որ երկրի վարչապետը հույս է հայտնում, թե լարվածությունը կնվազի, ու դրանից երեք օր անց Երևանը պաշտոնապես ստանձնում է հակառակորդի կորուստի պատասխանատվությունը։ Տեղի ունեցածն այլ բացատրություն չունի. Երևանը փաստորեն պատերազմ է հայտարարում։ Կամ էլ՝ Փաշինյանը ստիպված է պարզաբանել, որ բանակը դադարել է ենթարկվել իրեն։