11/06/2019 11:59
Որևէ հրապարակում չեմ մեկնաբանում և երբեք չեմ մեկնաբանել. Գագիկ Ջհանգիրյանն՝ իր հնարավոր վերադարձի մասին
Գագիկ Ջհանգիրյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ կարող է վերադառնալ իր նախկին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին։
«Որևէ հրապարակում չեմ մեկնաբանում և երբեք չեմ մեկնաբանել։ Լավ եղեք, մերսի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին պաշտոնյան և արագ հեռախոսն անջատեց։
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթն իր այսօրվա հրապարակմամբ հիշեցրել էր՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարի 23-ին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառը եղել էր այն, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել:
Թերթը նաև հավելել էր, որ հնարավոր է՝ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին։