11/06/2019 17:15
Բանակն ինձ ավելի ինքնուրույն է դարձրել, ավելի է հասունացրել. Արթուր Սահակյան
Ինչպիսին է մեր զինվորն իրականում, այս հարցիս պատասխանը գտնելու համար զրուցեցի զինծառայող Արթուր Սահակյանի հետ: Արդեն 16 ամիս է, ինչ Արթուրը ծառայում է զինված ուժերում: Երևանից է, բայց արդեն 16 ամիս է՝ արցախցի է:
Ինչպիսին ենք մենք լինելու հաջորդ տարի, ինչ ուղով պիտի գնանք՝ մենք ենք որոշում։ Բայց Արթուրին բանակն է դաստիարակել։
«Բանակն ինձ ավելի ինքնուրույն է դարձրել, ավելի է հասունացրել», - ասում է նա:
Բանակային կյանքից Արթուրի մոտ ամենից շատ տպավորվել է օրը, երբ առաջին անգամ տեխնիկայով՝ տանկով կրակեցին, հենց այդ ժամանակ էր, երբ գիտակցել է, թե ինչ է բանակը:
Այստեղ նա բազում ընկերներ է ձեռք բերել, որոնց, ասում է, երբեք չի մոռանա։
Նրա խոսքով, մինչև բանակ զորակոչվելն ինքն ավելի նյարդային է եղել, իսկ ժամանակի ընթացքում ավելի հանգիստ է դարձել։
«Ինձ համար մեծ հպարտություն է ծառայել հայոց բանակում, և, չնայած կարոտում եմ ընտանիքիս, բայց ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ բանակն իմ երկրորդ ընտանիքն ա, և կարոտդ բանակում ծառայելիս ես առնում», - ասում է նա։
Հարցին՝ ի՞նչ կփոխեր բանակում, Արթուրը պատասխանում է.
«Բան չէի փոխի, միայն մի քիչ շատ ժամանակ կտրամադրեի հանգստին»:
Նրա կարծիքով, բանակում ամեն ինչ ճշգրիտ է դասակարգված. օրերն ավելի արագ են անցնում։ Դրա բացատրությունն էլ ունի.
«Ինչքան օրդ ավելի հագեցած է լինում պարապմունքներով, այդքան ավելի արագ է անցնում ծառայությունդ»:
Բանակից Արթուրի համար անմոռանալի է նաև ծառայության առաջին օրը.
«Մի տեսակ հպարտ էի, որ առիթ ունեմ ծառայություններս մատուցել մեր երկրին։ Ծառայությունը մեծ պատիվ է մեր բոլորի համար, և զինված ուժեր պետք է զորակոչվել հենց այդ գաղափարախոսությամբ», - բոլոր զորակոչվողների համար ասում է նա։
Մեր զրուցակիցը բանակից հետո որոշել է շարունակել ուսումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։