11/06/2019 20:15
Նույնիսկ ՍԴ-ն Քոչարյանի գործով նախնական ուսումնասիրման անհրաժեշտություն է արձանագրել. Փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սահմանադրական դատարանը անհրաժեշտություն է տեսնում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, այսինքն օգտվելու աշխատակարգով նախատեսված նախնական ուսումնասիրման 20-օրյա ժամկետում ավարտելու՝ բացառությունից: Այս տեսանկյունից էլ ավելի է հիմնավորվում՝ քրեական գործի վարույթի կասեցման որոշման պատճառաբանվածությունը և անհրաժեշտությունը:
Այսինքն խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ ՍԴ-ն նախնական ուսումնասիրման հավելյալ, լրացուցիչ ժամկետի անհրաժեշտություն է արձանագրել, իսկ ՀՀ դատախազությունը կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով ՍԴ դիմելու հիմքի բացակայությունը:
Թեև բազմիցս խոսվեց Դատարանի որոշումը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման բողոքարկման ենթակա չլինելու մասին և դրա Սահմանադրության և Սահմանադրական օրենքով նախատեսված երաշխիքների մասին, սակայն այսօրվա ՍԴ-ի որոշումն առնվազն պետք է բավարար լիներ նման բողոքը պարզապես մինչև դատական նիստը հետ վերցնելու համար»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։