11/06/2019 13:40
Թիվ 46 երթուղու կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից
Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, Facebook-յան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:
Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաև ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:
Ուզում եմ նշել նաև, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղևորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղևորների քանակից:
Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Անի Խաչատրյան օգտատերը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ և գրել․
«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։
Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարանը էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»: