12/06/2019 12:00
Վերաքննիչում մեկնարկում է Քոչարյանի գործով բողոքի քննությունը, իսկ դրսում ցույց է
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկում է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Մինչ այդ դատարանի դիմաց հավաքվել են Քոչարյանի կողմ և դեմ ակցիաների մասնակիցները։ Նախկին նախագահի ընդդիմախոսները պահանջում են կալանավորել նրան, իսկ աջակիցները՝ վերացնել նրա վերաբերյալ հարուցված քրեական գործը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Մասնավորապես, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:
Նույն պահանջը Վերաքննիչ դատարանին ներկայացրել են նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Վահե Գրիգորյանը: