12/06/2019 17:01
Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, մենք բուհի լուծարման կամ միավորման հարց կդնենք. Արայիկ Հարությունյան
Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կամ կլուծարվի կամ էլ կմիավորվի, խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շիրակի պետական համալսարանը շատ վատ վիճակում է ոչ թե ֆիանանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում: Ամենայն լրջությամբ եմ ասում, եթե այս իրավիճակը շարունակվի, մենք հարց կդնեն բուհի լուծարման կամ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի և հարցը այդպես կլուծենք: Իրենք պետք է ջանք գործադրեն, որ հարցը լուծվի», - ասաց նախարարը:
Հարությունյանը նկատեց՝ համալսարան այցի ժամանակ մեղմ ասած, ոչ լավ տպավորություն է ստացել.
«Անձամբ երկու անգամ եղեմ եմ բուհում և ամոթից գետինն էի մտնում, երբ դասախոսների միջև հարաբերությունները տեսնում էի: Խայտառակություն է, որը պետք է շտկենք», - ասաց նա: