12/06/2019 12:20
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուփսալա
Հունիսի 11-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում մեկնել է Ուփսալա քաղաք, որտեղ նախ այցելել է Ուփսալայի համալսարանի գրադարան: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ուփսալայի համալսարանի փոխնախագահ Անդերս Մալբերգը և գրադարանի տնօրեն պրոֆեսոր Լարս Բուրմանը հայկական պատվիրակությանը ծանոթացրել են գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերին և հնատիպ գրքերին: Քննարկվել են Ուփսալայի համալսարանի և Երեւանի պետական համալսարանի միջեւ համագործակցության հեռանկարները:
Ուփսալայի տաճարում ավագ քահանա Աննիկա Ադերբրանտը ներկայացրել է տաճարի պատմությունը, որից հետո պատվիրակությունը մեկնել է Ուփսալայի ամրոց, որտեղ հանդիպել է Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի և տիկնոջ՝ Մոնիկա Սարստանդի հետ:
Ամրոցում տեղի է ունեցել ջերմ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Օրվա ավարտին Ուփսալայի քաղաքապետ տիկին Եվա Էդվարդսոնի անունից ԱԺ նախագահի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք: