12/06/2019 14:05
Լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս հայտարարել մի բան, որը դատարանով դեռ ապացուցված չէ. Բագրատյանը՝ Կոտայքի մարզպետին
Խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի հաշվետվության ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից, թե ինչպե՞ս է վերջինս լրատվամիջոցներով տեղեկություններ տարածում Աբովյանի քաղաքապետարանում բազմաթիվ հանցագործությունների բացահայտման մասին, երբ պարտավոր է հարգել անմեղության կանխավարկածը:
«Եթե գիտեք, գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եթե Ձեր որևէ հայտարարություն դեռ դատարանով չի հաստատվել կամ հերքվել, Դուք, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս հայտարարել մի բան, որը դատարանով դեռ ապացուցված չէ», - հարցրեց Բագրատյանը:
Ի պատասխան մարզպետն ասաց, որ ինքը երբեք չի հայտարարել, թե հանցագործություն է բացահայտել, այլ իր հաղորդումների հիման վրա քրգործեր են հարուցվել:
«Ես չեմ ասել հանցագործություն եմ բացահայտել, ասել եմ՝ իրավական-մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած մի շարք առևույթ իրավախախտումների վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել մարզի դատախազին և հարուցվել է քրեական գործ», - ասաց մարզպետը:
Նա նկատեց, որ ևս մեկ քրգործ հարուցվել է հողային աճուրդների փաստերի վերաբերյալ, որի արդյունքում ամբողջ փաթեթն ուղարկվել է իրավապահներին:
«Իմ հաղորդումների վրա երկու քրգործ է հարուցված: Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը», - հավելեց նա: