12/06/2019 13:21
Սահմանամերձ տարածքներին արտոնությունը տալիս ենք՝ որևէ հնարավորություն չտալով, որ այդ արտոնությունից օգտվեն. Բագրատյան
ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ սահմանամերձ տարածքներին արտոնություններ տալը պետք է ինքնպատակ չլինի:
«Սահմանամերձ տարածքներում արտոնյալ պայմաններ ստեղծելը դեռ ոչինչ չի նշանակում: Դա նույնն է, որ, օրինակ, Բարձու գյուղի բնակչին Ամերիկայի տոմս նվիրենք այն պայմանով, որ իրեն ոչ ոք վիզա չի տալիս: Նույն էլ արտոնությունը տալիս ենք՝ որևէ հնարավորություն չտալով, որ այդ արտոնությունից օգտվի: Դեռ տարիներ առաջ վարչապետն էր ասում՝ «վարսավիրանոցը հարկից ազատում ենք, որ ի՞նչ անենք: Գյուղերում տատիկ-պապիկները իրար մազ կկտրեն»: Իմ ասածն այն է, որ եթե արտոնություն ենք տալիս, այն պետք է լինի առարկայական», - ասաց Բագրատյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:
Նա ընդգծեց, որ փոխարենը կարելի է ներքին ռեսուրսներն օգտագործել՝ հանձնարարելով դրանց տարատեսակ ապրանքների արտադրոթյուն:
«Օրինակ, զինվորների գոտիների կամ գլխարկների կարման պատվերը կարող են իջեցվել սահմանամերձ տարածքներին, այդ դեպքում արտոնությունները իմաստ կունենան, որովհետև տնտեսվարողն, արտոնություն և իրացման պայմանագիր ունենալով, մեծ հաճույքով այդ արտադրությունը սահմանամերձ համայնքներում կիրացնի: Իսկ եթե սրանով մենք ամեն սահմանամերձ տարածքում 20 աշխատատեղ ստեղծենք, դրանով մեծ խնդիր կլուծենք այս համայնքների համար», - ասաց նա:
Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ որպես գաղափար՝ առաջարկը լավն է, բայց դրա իրագործման մեխանիզմները պետք է հասկանալ: